COMMUNITY ACTION GLOBAL IMPACT
image
...

Բազմակի օգտագործման պայուսակներ կարելու աշխատարան

04.04.2024

ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցության շնորհիվ իրականացվող «Ասա ո՛չ պլաստիկ տոպրակին» ծրագրի շրջանակում սույն թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ աշխատարան Հայաստանի բնության պետական թանգարանում։ Միջոցառմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, բնապահպանական հարցերով հետաքրքրվող անհատներ, այդ թվում՝ Կոտայքի մարզի միջնակարգ դպրոցների աշակերտները։

Տարբեր հաշվարկներով Հայաստանում ամսական աղբավայր է հասնում շուրջ 60 միլիոն պլաստիկ տոպրակ, որի հիմնական աղբյուրը բնակիչների կատարած գնումներն են։ Պլաստիկ տոպրակների կիրառումից հրաժարվելու վարքագծային փոփոխություն խթանելու համար հարկավոր է ունենալ և՛ պետական մասնակցություն, և՛ յուրաքանչյուրի անհատական ջանքերը։ «Մենք բոլորս պետք է սկսենք այդ փոփոխությունները մեզնից՝ տեսակավորելով աղբը, հրաժարվելով պլաստիկից, սակայն շատ կարևոր է, որ այդ ամենը պետությունը վերահսկի»,- նշեց Էմմա Միդյանը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի։

Աշխատարանի ընթացքում ՓԴԾ դրամաշնորհառու հանդիսացող Կայուն նորարարությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Մանե Ավետիսյանը աշակերտներին ներկայացրեց բազմակի օգտագործման տոպրակ կարելու եղանակը, ինչից հետո բոլորը ոգևորությամբ կարեցին և իրենց հետ տարան բազմակի օգտագործման տոպրակները՝ ոչ ասելու պլաստիկ տոպրակին։

«Շատ կարևոր է, որ դուք ևս փորձեք համոզել ձեր ընտանիքի անդամներին հրաժարվել պլաստիկից»,- իր ելույթում նշեց ՇՄ նախարարության ներկայացուցիչը՝ Արթուր Ղավալյանը, դիմելով պատանի աշակերտներին։

Այսպիսով, պլաստիկի դեմ արշավի շրջանակներում իրականացված ևս մեկ միջոցառմամբ քայլ արվեց Հայաստանում պլաստիկ տոպրակները բազմակի օգտագործման պայուսակներով փոխարինելու մշակույթ ձևավորելու ուղղությամբ։

alt

Բաժանորդագրվեք մեր նորություններին