Ծրագրերի կայունության գրավականը
Մոտ 14 տարի առաջ տեղադրված արևային համակարգը գործում է անխափան առայսօր։ Ո՞րն է այս կայունության բանաձևը։
ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի անդրանիկ նախագծերը այսօր փաստում են իրենց հաջողության գործում մի քանի կարևոր հանգամանքների մասին։ Ի թիվս մի շարք կարևոր նախապայմանների, ծրագրի հաջողության գործակիցը շարունակական հոգատարությունն ու խնամքն է համայնքի և շահառուների կողմից։
Այդպիսի դրսևորման ցայտուն օրինակ է դեռևս 2009 թվականին մեկնարկած շենքերի էներգաարդյունավետության բարձրացման նախագիծը Շիրակի մարզի Արթիկ համայնքում։ Ծրագիրը հաջողությամբ իրականացվել է Երրորդ Բնություն ՀԿ-ի կողմից ՓԴԾ-ի ֆինանսավորմամբ։ Ցուցադրական շենքի օրինակով փորձ է արվել խրախուսել վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառումն ու էներգաարդյունավետ միջոցառումների իրականացումը բազմանաբնակարան շենքերում։ Շահառու շենքի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների թվում եղել են ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների՝ շքամուտքերի և միջանցքների դուռ-պատուհանների փոխարինումը առավել ջերմամեկուսիչ տեսակներով, ինչպես նաև էներգաարդյունավետ լուսավորության և արևային տաք ջրի ու ջեռուցման համակարգի տեղադրումը։ Արդյունքում, շուրջ 6 ամիս ձգվող ջեռուցման սեզոնի ընթացքում շենքի բնակիչներն ունեն հնարավորություն Հայաստանի ամենախստաշունչ կլիմայական պայմաններում ապահովել էներգաարդյունավետ ջեռուցում և հետևաբար՝ նպաստել ածխաթթու գազի արտանետման կրճատմանը։ Հատկանշական է, որ նախագծի արդյունքները նկատելի են նույնիսկ 14 տարի անց, քանի որ արևային ջեռուցման համակարգը շարունակում է անխափան գործել, սարքին վիճակում են ծրագրով տեղադրված դուռ-պատուհանները։ Սա վկայում է նախագծի կայունության մասին, ինչը նաև շահառու բնակիչների հետևողականության և պարբերական խնամքի ու հոգատարության արդյունք է. չէ որ այս ենթակառուցվածքի շնորհիվ իրենք ունենում են տնտեսական ու բնապահպանական օգուտներ։
Այսպես, նախագծի արդյունքում՝ վերջին 14 տարվա ընթացքում, շուրջ 14 ընտանիք ունեցել է ընդհանուր 5,620 ԱՄՆ դոլար խնայողություն, ինչը նշանակում է բնական գազի մոտ 25% և էլեկտրաէներգիայի մոտ 5% էներգածախսի կրճատում, որի նպաստմամբ մթնոլորտ չի արտանետվել մոտ 283 տոննա ածխաթթու գազ։
Ուրախալի է, որ Հայաստանում Փոքր դրամաշնորհների ծրագրի նախաձեռնությունների արդյունքները ոչ միայն կրկնօրինակվում ու ընդլայնվում են, այլև ապահովում են կայունություն՝ բնապահպանական օգուտների ու շահառու համայնքների ապրուստի բարձրացման համատեքստում։
Բաժանորդագրվեք մեր նորություններին