Նախագծի նկարագրությունը
Տեղ համայնքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան սահմանին։ Տեղի բնակչությունը տասնամյակներ շարունակ մշակել է հարևան անջրդի հողերը։ Սակայն վերջին ռազմական ճգնաժամի հետևանքով գյուղատնտեսական հողերի մեծ մասը կորսվեց, ինչն իր հերթին ազդեցություն ունեցավ բնակչության կենսամակարդակի վրա։ Բացի այդ, շուրջ 250 ընտանիքներ տեղահանվել և ապաստան են գտել համայնքում, ովքեր իրենց ապրուստն ապահովելու համար ավելի շատ միջոցների կարիք ունեն: Այժմ համայնքը պետք է հույսը դնի սահմանափակ հողային ռեսուրսների վրա և փնտրի ոռոգում` բարձրարժեք մշակաբույսերի արտադրություն սկսելու համար:
Ծրագրով առաջարկվում է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ամբողջական համակարգի կառուցում, որը բաղկացած կլինի արևային մարտկոցներով հագեցած պոմպակայանից, դեպի գյուղի վերին հատված մղող խողովակաշարից, ջրամբարի վերանորոգումից և ինքնահոս բաշխիչ ցանցից։ Նախատեսվում է նաև աշխատել շահառու ֆերմերների հետ՝ աջակցելով կայուն, բարձրարժեք գյուղատնտեսության անցմանը։
Ոռոգման համակարգի կառուցումը համալիր ծրագիր է, որը ներառում է պետական սուբվենցիայի, Լիտվայի դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի համաֆինանսավորումը: Ոռոգման համակարգը թույլ կտա անցում կատարել բարձրարժեք գյուղատնտեսության, ոռոգել հավելյալ 300 հա գյուղատնտեսական հողատարածք։ Արդյունքում շուրջ 200 տնային տնտեսություններ հնարավորություն կունենան բարելավելու իրենց սոցիալական վիճակը՝ ստանալով խորհրդատվություն և ոռոգում կայուն գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
Ծրագիրը կունենա բնապահպանական և սոցիալական ազդեցություն, քանի որ այն կկանխի հողերի դեգրադացիան կայուն գյուղատնտեսական մեթոդների և ոռոգման միջոցով և կնպաստի բնակչության եկամուտների ավելացմանը:
Նախագծի արդյունքները
Նախագիծի արդյունքները հետևյալն են.
• Առնվազն 300 հեկտարը ոռոգվում է, ինչն օգնում է կանխել անապատացումը՝ այդպիսով ապահովելով կայուն գյուղատնտեսական գործելակերպերի կիրառումը և հողի երկարաժամկետ արտադրողականությունը:
• Ոռոգման ծախսերը կրճատվել են 40%-ով արևային վահանակների տեղադրման շնորհիվ՝ ծառայությունն ավելի մատչելի դարձնելով սպառողների համար:
• Շահառու ֆերմերները բարելավել են գործնական գիտելիքներն ու կարողությունները՝ կիրառելու գյուղատնտեսական կայուն գործելակերպում, ինչպես նաև բարելավելու գյուղական արժեշղթան:
• Շուրջ 200 տնային տնտեսություններ զգալիորեն ավելացրել են իրենց եկամուտները՝ սկսած ծրագրի ավարտի երկրորդ տարվանից:
• Համայնքն ուժեղացրել է սեփական ջրային ռեսուրսները կառավարելու կարողությունները՝ տրամադրելով հավաստի տվյալներ:
Բաժանորդագրվեք մեր նորություններին